16-ամյա Էդգարը ստեղծել է դպրոցական զանգի ավտոմատացված համակարգ

Սիսիանի ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ, 16-ամյա Էդգար Պողոսյանը հանդես է եկել հետաքրքիր նախաձեռնությամբ։ Վեբ հարթակում նա պատրաստել է դպրոցական զանգի ավտոմատացված համակարգ։ Եվ այժմ Էդգարը սպասում է սեպտեմբերի 1-ին իր դպրոցում իր ստեղծած պրոդուկտը գործարկելու համար։

Էդգար Պողոսյանը Սիսիանի ավագ դպրոցի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի սան է։ Ծրագրավորման առաջին քայլերը սովորել է 2015թ. քաղաքի մեծահասակների կենտրոնում, այնուհետև 2016-ին` ավագ դպրոցում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից «Արմաթ» ինժեներական լաբորատորիա բացվելուն պես, տեղափոխվել է այնտեղ և հմտությունները զարգացրել ինժեներական լաբորատորիայում։

Էդգարի ստեղծած զանգի ավտոմատացված համակարգը կոչվում է Clever Sentry՝ խելացի ժամապահ։ Այն հասանելի է վեբ հարթակում՝ csentry.com։ Clever Sentry-ն կարելի է գործարկել նաև բջջային հեռախոսով։ Համակարգն ունի չորս հիմնական գործառույթ`

  • Զանգը հնչում է ճիշտ ժամանակին, և պարտադիր չէ, որ ինչ-որ մեկը նստի ուսուցչանոցում, անընդհատ նայի ժամացույցին և հնչեցնի զանգը։
  • Համակարգն ունի տագնապի զանգ՝ առանձին կոճակը տալիս է տագնապի ազդանշան։
  • Երրորդ գործառույթն օգնում է, որպեսզի դասամիջոցներին հնչեն երգեր։ Ընդ որում, ձայնադարանում Էդգարի կողմից հատուկ ընտրված երգեր են. այստեղ բացառված է ռաբիսը, հիմնականում հայկական ազգագրական, հայրենասիրական երգեր են, որոնց միջոցով աշակերտների մոտ կսերմանվեն ազգային արժեքներ։ Բացի երգերից, հնարավոր է միացնել նաև թեմատիկ նյութեր. օրինակ, Եղիշե Չարենցի ծննդյան օրը՝ նրա մասին պատմող որևէ նյութ։
  • Համակարգի չորրորդ գործառույթը՝ դասը սկսելուց անմիջապես առաջ հնչում է ՀՀ օրհներգը։

Էդգարը նշում է, որ Սիսիանի 5 դպրոցներից 3-4-ում Clever Sentry-ը սեպտեմբերի 1-ից կսկսի աշխատել, այդ թվում` իր դպրոցում։ Կրթօջախներն արդեն տեղադրել են համապատասխան տեխնիկան։

16-ամյա Էդգարը մինչ Clever Sentry-ը պատրաստելը ծրագրավորման բավականին փորձ է ունեցել։ Կայքեր է ստեղծել, գումար աշխատել։ Ասում է, որ նպատակ ունի Clever Sentry-ն ավելի շատ դպրոցներում տարածել, հանրայնացնել։

Clever Sentry-ն ուն կարգախոս՝ ապագան սկսվում է դպրոցից։ Էդգարը կարծում է՝ եթե մարդ ստանա որակյալ կրթություն, կկարողանա ճիշտ կերտել իր ապագան։

Ի դեպ, csentry.com կայքն ունի հատուկ բաժին, որտեղ ուսումնատենչ աշակերտները կարող են տեսնել, թե քանի օր, ժամ, րոպե և վայրկյան է մնացել սեպտեմբերի մեկին։

 

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *