13-ամյա հայ տաղանդաշատ կոմպոզիտոր Գրիգորի Բալասանյանը երազում է նվաճել աշխարհը (տեսանյութ)

Քար լռություն, մտքում պտտվող նոտաներ և դաշնամուր. սրանք այն երեք կարևոր նախապայմաններն են, որոնք 13-ամյա Գրիգորի Բալասանյանին տեղափոխում են երևակայության աշխարհ և ստիպում ստեղծագործել: Հենց այդ աշխարհում չորս տարի առաջ ծնվեց նրա առաջին հեղինակային ստեղծագործությունը, որը ստացավ «Մեղեդի» անվանումը։ Փոքրիկ Գրիգորին այն նվիրվեց իր երկու պապիկների հիշատակին:

Ստեղծագործելու համար պատանի երաժշտին շատ բան պետք չէ․ մի փոքրիկ ոգեշնչում  ֆիլմից, իրադարձությունից կամ լուրից՝ և նոր գեղեցիկ մեղեդին արդեն ծնվում է։
«Երաժշտությունն իմ կյանքն է, առանց որի չեմ կարող ապրել: Ես դա հասկացա, երբ 9 տարեկան էի և գրեցի իմ առաջին ստեղծագործությունտ»,- նշեց նա:
Տաղանդաշատ փոքրիկը նոտաների տետրի և դաշնամուրի նկատմամբ առանձնահատուկ սեր և կապվածություն զգացել է դեռևս 4 տարեկանից: Նոր բնակարանի ընտրությունն անգամ պայմանավորված էր այնտեղ առկա դաշնամուրով:
Տղայի բնատուր երաժշտական ձիրքն առաջինը նկատել է երաժշտագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նաիրա Գյուրջինյանը, ում ղեկավարած «Վաղորդյան կաթիլներ» վոկալ ստուդիայից էլ սկսվել է ամեն ինչ:
Նա դարձել է փոքրիկ Գրիգի առաջին ուսուցիչը, ում խորհրդով տղայի ծնողները սկսել են լրջորեն զբաղվել նրա երաժշտական կրթությամբ: Արդեն երկու տարի է, ինչ Գրիգորի Բալասանյանը սովորում է Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցում և շուտով տեղափոխվելու է 6-րդ դասարան:
Նրա մայրիկի` Մարինա Տեր-Անանյանի կարծիքով` յուրաքանչյուր երեխա ինչ-որ շնորհք ունի, որը պետք է ծնողների օգնությամբ զարգացնել:
Մինչ օրս ունեցած ձեռքբերումներին անդրադառնալիս` պատանի կոմպոզիտորն առանձնակի համեստությամբ և հուզմունքով է պատմում իր առաջին ստեղծագործության` «Մեղեդի»-ի մասին, որը տղայի խոսքերով, դարձել է իր հաջողության բանալին:
2015 թվականին հենց «Մեղեդի»-ի շնորհիվ` Ռուսաստանի Դաշնության Նովոսիբիրսկ քաղաքում կազմակերպված պատանի կոմպոզիտորների 18-րդ միջազգային մրցույթում հայ փոքրիկն արժանանացել է 1-ին կարգի դափնեկրի կոչմանը:
Նույն թվականին Գյումրիում անցկացված Երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային 7-րդ մրցույթ-փառատոնում «Մեղեդին» նրան դարձյալ հաջողություն է բերել` իր տարիքային խմբում նա արժանացել է 1-ին կարգի մրցանակի: Իսկ Հայաստանի կոմպոզիտորների միությունը պատվոգիր է շնորհել փոքրիկ երաժշտին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հեղինակային «Այլևս երբեք» ստեղծագործության համար։
13-ամյա Գրիգն արդեն երկու տասնյակից ավելի ստեղծագործություններ ունի, որանց մի մասը ձայնասկավառակի և գրքի տեսքով հանձնվել է հանդիսատեսի դատին:
Ապագայի նկատմամբ Գրիգը լիահույս է․ նա երազում է ֆիլմերի համար սաունդ թրեքեր գրել, որոնք կնվաճեն ամբողջ աշխարհը և կհնչեն հեղինակավոր բեմերից:
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *