«Մի թողեք ձեր երեխաներին». երջանկացած մոր բաց նամակը

«Բարի մամա» բարեգործական կազմակերպության ֆեյսբուքյան էջում հրապարակվել է լքված փոքրիկին կազմակերպության աշխատանքի արդյունքում վերադարձրած և երջանկացած մոր խոսքը: Ստորև ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ:

«Արդեն 12 օր էր նրան չէի տեսել: Նրան, ում կյանքիս ամենակարևոր մասն էի համարում,սպասում 270 օրից ավել: Նա էր կիսում ինձ հետ ուրախությունս, նրան էի ամեն ինչ պատմում:

Իսկ հետո նա լույս աշխարհ եկավ Սպինա բիֆիդայով: Ամուսնուս ասացին, որ մեր տղան երբեք չի քայլի: Նա էլ երկար չմտածեց, խորհրդակցեց իր մայրիկի հետ և ինձ ստիպեց, որ հրաժարվեմ փոքրիկիցս:

Արդեն 12 օր է, ինչ նրան չէի տեսել: Ուժ չէի գտնում, որ հրաժարվեմ ընտանիքիցս ու գնամ երեխայիս մոտ: Եւս մեկ դուստր ունեի, ամուսինս էլ ասաց, որ եթե տղայիցս չհրաժարվեմ, նա կխլի իմ աղջկան:

Դժոխք էր, չեմ կարող բացատրել, թե ինչպես եմ ապրել այդ 12 օրը: Ես գիտեմ; որ հիմա բոլորը սա կարդալով ինձ են մեղադրում: Բայց այն ժամանակ ես մտածելու ունակությունը կորցրել էի: Չգիտեի, թե ինչ անեմ, ում դիմեմ, ոնց վարվեմ:

Եվ լսվեց հեռախոսազանգ: Ամուսնուս մայրը հասավ լսափողին, պատասխանեց: Լսեցի, որ արդարանում է, երեխայիս մասին պատմում, ասում, որ չենք կարողանա պահել:

«Բարի մամայից» Մարինան էր զանգողը: Ես չգիտեմ, թե ինչպես համոզեց սկեսուրիս, բայց երեկոյան, երբ ամուսինս եկավ, իմ դժոխքը վերջացավ: Հենց գիշերով գնացինք հիվանդանոց, տղայիս գրկեցինք ու սկսեցինք արտասվել` ես էլ էի լացում, ամուսինս էլ էր լացում, բուժքույրն էլ էր արտասվում:

Քանի որ հրաժարման թղթերը վերջնական չէինք ստորագրել, առավոտյան երեխային վերցրեցինք ու եկանք տուն:
Մենք հիմա երջանիկ ենք: Տղայիս վիրահատել են, զբաղվում ենք նրանով մասսաժներ անում, թերապիաների գնում: Շուտով քայլելու ենք!!!

Ես ամեն օր օրհնում եմ Բարի մամայի ողջ անձնակազմին: Առաջին հերթին նրանք փրկեցին հենց ինձ, քանի որ ապրելն անհնար էր:

Ընտրություն երկու երեխայի մեջ: Դրանից սարսափելի բան չկա: Ես հիմա եմ հասկանում, որ նստել ու լացելու փոխարեն կարող էի երկուսի հետ մի տեղ ապաստան գտնել: Բայց այն ժամանակ չգիտեի, թե ինչ անել:

Մի թողեք ձեր երեխաներին, մանկատանը իրենց լավ չեն նայելու: Մամայի կողքից լավ տեղ չկա:

Շնորհակալություն ամեն ինչի համար: Խոնարհվում եմ ձեր առջև»:

 

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *