Ինչպես հեքիաթ պատմել փոքրիկին քնելուց առաջ

Քնից 1,5-2 ժամ առաջ ցանկալի է, որ երեխան այլևս ակտիվ և աղմկոտ խաղերով չզբաղվի: Երեխան պետք է հանգստանա, թուլանա, տրամադրվի, որ շուտով քնի ժամն է: Սրան նպաստում է նաև տաք լոգանքը, որին հաջորդում է հեքիաթասացության ժամը: Հեքիաթասացությունը հատուկ արվեստ է, որին լավ են տիրապետում հատկապես տատիկները: Երբ դրսում արդեն մութ է, և փոքրիկն էլ արդեն հագել է գիշերային զգեստը, արդեն հեքիաթի ժամն է:

Ցանկալի է, որ մայրիկը հեքիաթն անգիր իմանա, ոչ թե գրքից կարդա: Կարելի է պարզապես անգիր անել մի հեքիաթ և դա վերածել ամենօրյա, քնից առաջ պատմվող հեքիաթի: Պարզապես այդ հեքիաթը երեխային չպետք է պատմել օրվա այլ ժամերին, այլ միայն քնից առաջ: Այս պարագայում հեքիաթի առաջին բառերն իսկ երեխայի համար ազդանշան կլինեն, որ արդեն քնելու ժամանակն է:

Բացի այդ, եթե ազատ են մայրիկի ձեռքերը, նա հնարավորություն կունենա մի փոքր գրկել երեխային, կամ ձեռքով օրորել: Իսկ գիրքը, հատկապես նկարազարդը, կարող է շեղել երեխային` նա անընդհատ կձգվի, որ նկարները նայի, կամ ինքը թերթի էջերը` թուլանալու և ննջելու փոխարեն: Գրքերն ավելի շուտ ցերեկայինընթերցանության համար են:

Հեքիաթը պատմելու ընթացքում հանգցրեք սենյակի լույսերը, կամ միացրեք գիշերային լամպը, որպեսզի երեխայի քնելուց հետո սենյակի լուսավորությունը չփոփոխեք` շատ երեխաներ արթնանում են սենյակի լուսավորության փոփոխությունից: Սենյակում ցանկալի է, որ լռություն լինի` խնդրեք տնեցիներին չաղմկել, կամ ցածրացնել հեռուստացույցի ձայնը: Երեկոյան հեքիաթը մեծապես տարբերվում է ցերեկային պատմություններից:

Այստեղ պետք չէ պատմել դերերով, խոսել հերոսների ձայնով, խոսքում էմոցիա արտահայտել: Ձայնը պետք է լինի հանդարտ և միատոն, կարելի է անգամ ձայնավորները երկարացնել, որ նմանվի երգելուն: Եթե հեքիաթն ավարտվել է, բայց փոքրիկը դեռևս քնած չէ, կանգ մի առեք, սկսեք օրորոցային երգել, կամ հեքիաթը նորից սկսեք պատմել` երեխան գրեթե փոփոխություն չի նկատի: Երբ երեխան աչքերը փակել է և քնել, պետք չէ միանգամից ընդհատել պատմությունը: Շարունակեք պատմել, քանի դեռ նրան անկողնում հարմար տեղավորում եք և ծածկում:

Եթե պատրաստվում եք դուրս գալ սենյակից, ապա էլի մի ընդհատեք պատմությունը: Նույն տոնով խոսելով զգույշ դուրս եկեք սենյակից, ապա միայն դադարեցրեք հեքիաթ պատմելը: Երբ շարժվելու ընթացքում շարունակում եք պատմությունը, ձայնը թույլ չի տա, որ երեխան լսի որևէ այլ աղմուկ:

Նյութը` «Իմ փոքրիկ»-ի

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *