Արդյոք անհրաժե՞շտ է կերակրելու նպատակով արթնացնել քնած երեխային

Կրծքով կերակրող մայրերին հաճախ խորհուրդ են տալիս կերակրելու նպատակով արթնացնել քնած երեխային, եթե նա երկու ժամից ավել է քնում։ Դրա համար կան որոշակի պատճառներ։ Ուտելուց հետո նորածինները կարող են երկար քնել, և թվում է, թե դա կուշտ լինելու չափանիշ է։ Սակայն իրականում միշտ չէ, որ այդպես է նորածինների դեպքում (խոսքը վերաբերում է երկու շաբաթական կամ ավելի փոքր տարիքի երեխաներին)։ Ըստ պահանջի կերակրումը սկսվում է, երբ երեխան արդեն մի քանի շաբաթական է, վերականգնել է իր ծննդյան քաշը, և ձեր կաթնարտադրությունն արդեն կարգավորվել է։ Երկու շաբաթականից մեծ առողջ երեխան կերակրումներից հետո սովորաբար երկար չի քնում և արթնանանում է ուտելու նպատակով, եթե քաղցած է։ Բայց նորածին երեխան կարող է և չարթնանալ քաղցած լինելու դեպքում, այդ պատճառով շատ հաճախ անհրաժեշտ է լինում երեխային արթնացնել կերակրելու նպատակով։ Պատահում է, որ նման «հանգիստ» երեխաները ջրազրկվում են, եթե նրանց չեն արթնացնում կերակրելու նպատակով։

Այնուամենայնիվ, երկու ժամ քնելուց հետո արթնացնելու կանոնը վերաբերում է միայն երեխայի կյանքի առաջին շաբաթներին։ Երբ նա արդեն կայուն քաշ է հավաքում, իսկ ձեր կաթնարտադրությունը լիովին կարգավորվել է, դուք կարող եք այլևս նրան չարթնացնել երկու ժամը մեկ։ Եթե երեխան բավարար քանակի միզում և կեղտոտում է և լավ քաշ հավաքում, բոլորովին կապ չունի, թե նա ուտում է երկու, թե չորս ժամը մեկ, ուտում է մեկ կուրծքը, թե երկուսը իրար հետևից, կրծքին է մնում կես ժամ, թե ընդամենը հինգ րոպե։ Կան մայրիկներ, ովքեր նույնիսկ մեկ կամ երկու ամսական երեխային արթնացնում են կերակրելու նպատակով, փորձում են առաջարկել երկու կուրծքն էլ մեկ կերակրման ընթացքում։ Այս մայրիկները կարող են արդեն հանգիստ շունչ քաշել և ենթարկվել երեխայի սեփական ռեժիմին և օրգանիզմի պահանջներին։

Իսկ եթե դուք ունեք նորածին և ցանկանում եք համոզված լինել, որ նա բավարար քանակությամբ կաթ է ուտում, որպեսզի ձեր կաթնարտադրությունը կարգավորվի, դուք պետք է առնվազն երկու ժամը մեկ կերակրեք նրան ցերեկային ժամերին։ Գիշերը հնարավոր է այդ ժամանակը երկարացնել մինչև չորս ժամ։ Հաշվել պետք է կերակրման սկզբից, այլ ոչ թե ավարտից։ Օրինակ՝ եթե դուք սկսում եք երեխային կերակրել ժամը 2։00-ին և ավարտում եք 2։45, միևնույնն է, դուք պետք է կերակրեք նրան ժամը 4։00-ին։ Այո, ձեզ կթվա, թե դուք ողջ օրը միայն կերակրում եք և տակդիր փոխում, բայց դա տևում է միայն մեկ կամ երկու շաբաթ։

Մի մտածեք, որ շատ բան կհասցնեք անել այս օրերի ընթացքում։ Դուք երջանիկ կլինեք, եթե հասցնեք անգամ լոգանք ընդունել։ Այդ պատճառով ձեզ անհրաժեշտ կլինի մեծ օգնություն ճաշ պատրաստելու, լվացք անելու, խանութ գնալու, տունը մաքրելու և այլ հարցերում։ Այդ ընթացքում ձեր գերխնդիրն է ապահովել բավարար կաթնարտադրություն, հետևել, որ ձեր երեխան բավարար քանակությամբ սնունդ ստանա և հնարավորինս հանգստանալ ծննդաբերությունից հետո։ Հնում կանայք շաբաթներով անկողնում պառկած էին մնում ծննդաբերելուց հետո։ Ինչպիսի երանելի ժամանակներ։

Պետք է հիշել նաև, որ կրծքի վրա երեխայի մնալու ժամանակահատվածը միշտ չէ, որ լավ կշտանալու ցուցանիշ է։ Եթե երեխան մեկ կամ երկու րոպե ինտենսիվորեն ծծում է, այնուհետև քնում և շարունակում է այդ վիճակում թեթև ծծել կուրծքը ևս կես ժամ, դա նշանակում է, որ նա կարող է չհասցնել ստանալ յուղալի հետին կաթը, չնայած կերակրման ընդհանուր տևողությունը 45 րոպե է։ Ուժեղ և ինտենսիվ ծծման տևողությունը և որակը նույնքան կարևոր են, որքան կրծքի վրա անցկացրած ժամանակահատվածը։ Երեխան պետք է 10-15 րոպե ակտիվորեն ծծի մի կուրծքը, որից հետո նրան անհրաժեշտ է առաջարակել երկրորդը, չնայած նա կարող է և հրաժարվել։

Ծծելը հանգստացնող ազդեցություն է թողնում երեխաների վրա, որը ավելի մեծ տարիքում երեխային հանգստացնելու և քնացնելու լավագույն միջոցներից է, բայց սա կարող է բացասաբար ազդել նորածինների վրա, ովքեր սիրում են կրծքով հանգստանալ ու քնել։ Շատերը դրա արդյունքում կարող են բավարար չափով չծծել կուրծքը։ Խորը քնած նորածինները շատ անգամ կարծես կոմայի մեջ լինեն, որը շատ անհանգստացնող հանգամանք է երիտասարդ ու անփորձ ծնողների համար։

Նորածինների քնկոտության որոշ պատճառներից են.

 

  • Կծկանքների ու բուն ծննդաբերության ընթացքում ծննդկանին տրված որոշակի դեղորայքը, ներառյալ էպիդուրալ անզգայացումը և կեսարյան հատման ընթացքում օգտագործվող ցավազրկող դեղերը:
  • Բժշկական պատճառներ՝ նորածնի դեղնությունը, ինֆեկցիաների առկայությունը կամ թլպատումը։ Դեղնությունը տարածված երևույթ է նորածինների շրջանում և հանգեցնում է քնկոտության։ Այն նման է փակ շղթայի. քանի որ երեխան քնկոտ է, նա լավ չի սնվում, և քանի որ նա լավ չի սնվում, նա լավ չի կեղտոտում, և բիլիրուբինի մակարդակը բարձրանում է։ Թլպատումը ևս երեխաներին քնկոտ է դարձնում. ձեր որդին կարող է լինել հոգնած, քնել շատ երկար և ծծելու մեծ ցանկություն չունենալ։
  • Անհանգիստ միջավայրը. երեխան կարող է երկար քնել, եթե իրեն անհանգստացնող հանգամանքներ կան՝ աղմուկ կամ վառ լույսեր։
  • Կաթի առատ հոսքը: Որոշ երեխաներ ծննդյան երրորդ կամ չորրորդ օրը կարող են սահմանափակվել մեկ-երկու րոպե ծծելով, եթե կաթի հոսքը առատ է։
  • Կաթի ոչ բավարար քանակը. սա մեկ այլ փակ շղթա է։ Եթե նորածինը բավարար քանակությամբ կաթ չի ստանում, նա կարող է թուլանալ և քնկոտ դառնալ, այլ ոչ թե բղավել ու կուրծք պահանջել։

Ահա մի քանի խորհուրդներ քնած երեխային կերակրելու հարցում.

 

  • Թեթևացրեք երեխայի հագուստը, թողեք նրան միայն տակդիրով և ապահովեք մաշկը մաշկին կոնտակտ։ Փորձեք գոլ ջրով լոգանք ընդունել միասին։
  • Հետևեք, թե երբ է երեխան քնում ոչ այնքան խորը։ Երեխաներն ավելի հաճախ են թեթև և խորը քնի փուլերն անցնում, քան մեծահասակները։ Երեխային արթնացնելու փորձերն ավելի հաջող կլինեն թեթև քնի շրջանում։ Թեթև քնի նշաններն են կոպերի արագ շարժումները, նույնիսկ երբ աչքերը փակ են, դեմքի արտահայտության փոփոխությունները, ձեռքերի, ոտքերի և բերանի անկանոն շարժումները։ Շատ հաճած դժվար է երեխային արթնացնել խորը քնի պահին, բայց թեթև քնի ժամանակ ձեր փորձերը հիմնականում հաջողությամբ կպսակվեն։
  • Հանգցրեք սենյակի լույսերը։ Նորածնի աչքերը զգայուն են վառ լույսի նկատմամբ, և այն կարող է ստիպել երեխային աչքերը մշտապես փակ պահել։
  • Փորձեք խոսել երեխայի հետ և հաստատել աչքի կոնտակտ։
  • Պահեք երեխային ուղղահայաց դիրքով։ Հիշու՞մ եք մեր մանկության տիկնիկներին, որոնք աչքերը փակում էին, երբ նրանց պառկեցնում էինք, և բացում, երբ նրանց պահում էինք ուղղահայաց դիրքով։ Արեք նույնը երեխայի հետ, սակայն զգուշությամբ, որպեսզի չվնասեք նրան։
  • Տրորեք երեխայի մեջքը շրջանաձև շարժումով, շոյեք նրա գլուխը, վիզը, ձեռքերն ու ոտքերը, մատներով անցեք նրա ողնաժարի վրայով, շարժեք նրա ձեռքերն ու ոտքերը, հպվեք նրա շուրթերին ու քթին։ Փորձեք ընթացքում խոսել նրա հետ։
  • Փոխեք նրա տակդիրը և ուղղահայաց պահեք, որպեսզի գղտա,նախքան մյուս կուրծքն առաջարկելը։ Նորածինների մեծ մասն ատում է այս գործընթացը, և սա կարող է օգնել երեխային արթնացնելու հարցում։ Փորձեք փոխել կուրծքը, հենց զգաք, որ ծծման ինտենսիվությունը նվազել է, նույնիսկ եթե նախորդ կուրծքը ծծել է ընդամենը մի քանի րոպե։ Դրանից հետո վերադարձրեք նրան մյուս կրծքին և թողեք, որ քնի։
  • Շոյեք երեխայի դեմքը խոնավ կտորով։
  • Փորձեք կերակրել կիսաուղղահայաց դիրքով, այլ ոչ թե պառկած, որի դեպքում երեխան ավելի շուտ է քուն մտնում։
  • Պահեք կուրծքը ձեռքով, որպեսզի նրա ծանրությունը չընկնի երեխայի դունչին։
  • Կաթ լցրեք երեխայի շուրթերին կամ բերանի մեջ կաթոցիկի կամ ներարկիչի օգնությամբ։
  • Եթե ձեր երեխան շատ քնկոտ է, հիշեք, որ պետք է հետևեք, որ նա բավարար քանակությամբ սնունդ ստանա։ Հետևեք նրա մեզի և կղանքի քանակին և քաշի ավելացմանը, հատկապես կյանքի առաջին շաբաթներին։ Եթե երեխան նորմալ քաշ չի հավաքում, խորհրդակցեք կրծքով կերակրման խորհրդատուի հետ։
  • Լրացուցիչ կերակրեք երեխային ձեր կթած կաթով, եթե անհրաժեշտ է։ Երբ երեխան սկսի ինորմալ քաշ հավաքել, դուք կարող եք արդեն անցնել ըստ պահանջի կերակրմանը։

Երբ անցնեք այս անվերջ թվացող նորածնային շրջանը, դուք կկարողանաք հանգստանալ և քիչ հետևել ժամացույցին, քանի որ ձեր երեխան կձևավորի սեփական կերակրման և քնի ռեժիմը։

 

Աղբյուրը` merpoqrike.am

 

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *