«Երջանիկ մանկություն» EXPO 2016

Expo-2016Երևանում «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնի մուտքն է. հայտնի մուլտհերոսներն այսպես են դիմավորում «Երջանիկ մանկություն» EXPO 2016 միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի փոքրիկ այցելուներին և նրանց ուղեկցողներին:
Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված հերթական մասնագիտացված ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը մեկնարկում է կարմիր ժապավենի կտրմամբ, որին հաջորդում է փոքրիկների մասնակցությամբ պարային ելույթների շարքը, ապա նաև տոնական մեծ տորթի բաժանումն այցելուներին:
«Ինտեր էքսպո» ցուցահանդեսային ընկերության նախաձեռնությամբ և Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի աջակցությամբ հունիսի 11-13-ն անցկացվող ցուցահանդեսի ընթացքում այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու մանուկներին ուղղված շուրջ 50 ընկերությունների  ապրանքներին և ծառայություններին:
Մեկ հարկի տակ ներկայացված են նորածինների խնամքի համար նախատեսված ապրանքներ, կերակրելու և անկողնային պարագաններ, հագուստ, կոշիկ, խաղալիքներ, մանկական տեղեկատվական գրականություն և զարգացնող խաղեր:
Մինչ տոնական մթնոլորտով հագեցած ցուցահանդեսի մեծահասակ այցելուները կշրջեն տաղավարներով, նրանց փոքրիկները հնարավորություն կունենան մասնակցելու «Երջանիկ մանկիկ» էքսպո 2016 ֆոտոմրցույթին, հեքիաթային հերոսների մասնակցությամբ զվարճալի շոու ծրագրի, վարպետաց դասերի, մանկական հագուստի ցուցադրության, ուսուցանող և զարգացնող խաղերի, ինչպես նաև քաղցր հյուրասիրության:
«Երջանիկ մանկություն» EXPO 2016-ի պաշտոնական աջակիցն է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
 
Arrow
Arrow
Slider
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Տեսանյութը և լուսանկարները` «Նոյյան Տապան»-ի